The Washington Post-ի տեսաբան Ջեքսոն Դիլը շարադրել է իր երկու կանխատեսումները Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մասին։ Կամ Թրամփը հրաժարվելու է ԱՄՆ համաշխարհային առաջատարությունից, որը գոյություն ունի 1918-ից սկսած, կամ էլ նրա քաղաքականությունը «աստիճանաբար կվերածվի Օբամայի քաղաքականության նվազ նրբանկատ տարբերակին»։ Բայց հեղինակի կարծիքով, այս պահին «հավանաբար ոչ ոք՝ նույնիսկ Թրամփն ինքը, ստույգ չգիտի, թե ինչ կանի Թրամփը արտաքին քաղաքականության հարցում»։
Դիլի կարծիքով կան «երկու խոշոր քննություններ», որոնք արդյունքներով մենք կհասկանանք, թե որ ուղղությամբ է շարժվելու Թրամփը։ Առաջինը՝ ում է Թրամփը նշանակելու ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում բարձր պաշտոնների։ «Թրամփի պոտենցիալ սանձահարողները» հույս ունեն, որ կնշանակվեն Բոբ Քորքերի, Սթիվեն Հեդլիի կամ Դեւիդ Պետրեուսի նման մարդիկ։ Բայց Թրամփը հակված է առաջադրել իր էքսցենտրիկ մտերիմների թեկնածությունը։
Ճիշտ է, որոշ տեղեկություններով, Նյութ Գինգրիչը հայտնել է, որ չի ուզում պետքարտուղար լինել։ «Բայց Ռուդոլֆ Ջուլիանին, որը ըստ լուրերի, ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը, ոչինչ չի հասկանում միջազգային գործերում։ Իսկ պաշտոնանկ գեներալ Մայքլ Ֆլիննի վերաբերյալ կասկածներ կան, որ նա Ռուսաստանի խամաճիկն է (մի անգամ նա վճարովի դասախոսության համար Մոսկվա կատարած այցելության ժամանակ ընթրիքի ընթացքում Պուտիի կողքին էր նստել)»,- ասվում է հոդվածում։
«Երկրորդ խոշոր քննոթյունն այն է լինելու, թե ինչպես է Թրամփը շփվելու Պուտինի հետ»,- շարունակում է հեղինակը։ Դիլը փորձում է հասկանալ, թե ինչու էր Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում պաշտպանում Պուտինին։ «Գուցե նա պարզապես հարգում է Պուտինին որպես ուժեղ կառավարչի։ Կամ համարում է, որ նրան ինչ-որ ձեւով պարտական է Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը կոտրելու կամ իր բիզնեսում ռուսական ներդրումների համար»։
Դիլի կարծիքով Պուտինը կխնդրի չեղարկել պատժամիջոցները ու ամերիկա-ռուսական դաշինք կնքել Ասադի վարչակարգին աջակցելու համար։ Եթե Թրամփը համաձայնի՝ պարզ կդառնա, որ աշխարհակարգը փոխվում է։ «Եթե Թրամփը հրաժարվի Ուկրաինային արեւմյան ամուր աջակցությունից, ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները, Մերկելից սկսած, կթուլանան ու կվիրավորվեն։ Փոքր կենտրոնական եվրոպական երկրները կշտապեն իրենց գործարքները կնքել Պուտինի հետ։ Եթե ՆԱՏՕ-ի ուժերի վերջին ավելացումը, որը նպատակ ուներ զսպել ռուսական ագրեսիան Բալթյան երկրներում, չեղարկվի, ապա դաշինքն էլ կփլվի»,- ասվում է հոսվածում։
Եթե ԱՄՆ-ն մտերմանա Ռուսաստանի հետ սիրիական հարցում, նրանք իրենցից կվանեն սունի դաշնակիցներին՝ Սաուդյան Արաբիային ու Հորդանանին, որոնք «սիրիական քաղաքացիական պատերազմն ընկալում են որպես Իրանի հետ անուղղակի մարտ», շարունակում է հեղինակը։ «Թրամփը քամահրանքով է վերաբերվում այդ դաշնակիցներից ոմանց։ Բայց եթե ցանկանա ջախջախել ԻՊ-ն, ապա այդ դաշնակիցների օգնությունը նրան պետք կգա։ Իսրայելը նույնպես ուզում է, որ ԱՄՆ-ի դաշինքը սունի երկրների հետ վերածնվի»։
Երբ Թրամփը սկսի մտածել այդ խճճված հարցերի շուրջ, մենք կիմանանք, թե ինչ ճակատագիր է նախապատրաստված ԱՄՆ համաշխարհային լիդերությանը՝ դանդաղ էրոզիա, որը տեղի է ունենում վերջին տարիներին, թե՞ սրընթաց կոլապս»,- ամփոփում է հոդվածագիրը։




























