Նոյեմբերի 14-ին Կրակովում արտաշիրիմել են նախագահ Լեհ Կաչինսկու ու նրա կնոջ ՝ Մարիայի աճյունները, որոնք զոհվել են 2010-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարից։ Համապատասխան որոշումը կայացրել է դատախազների հատուկ խումբը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Սմոլենսկի ավիավթարի հետեւանքով զոհվածների դիերն արտաշիրիմելու նպատակն է հասկանալ նրանց մահվան պատճառը, հաստատել անձը ու գուցե պատասխանել քննության այլ հարցերի։

Լեհ ու Մարիա Կաչինսկիների դիերի արտաշիրումը սկսվել է ժամը 18։00-ին ՝ մի խումբ դատախազների, ոստիկանների ու զոհվածների ընտանիքների անդամների ներկայությամբ, որից հետո դատաբժշկական փորձագետների միջազգային թիմը հետաքննություն է անցկացնելու։ Այն տեւելու է 4 օր, որից հետո աճյունները նորից հողին են հանձնելու։ Թե արտաշիրիմումը, թե սգո արարողությունը կանցնեն առանց լրատվամիջոցների մասնակցության։

«Տու -154» օդանավը վթարի էր ենթարկվել 2010-ի ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս։ Օդանավում գտնվող բոլոր 96 ուղեւորները ու անձնակազմի անդամները զոհվել են։

2011-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել էր տեխնիկական հետաքննության արդյունքների մասին վերջնական զեկույցը, ըստ որի վթարի անմիջական պատճառն է եղել անձնակազմի որոշումը՝ պահեստային աէրոդրոմում վայրէջք չկատարելու մասին։

Նոյեմբերի սկզբին Լեհաստանի արդարադատության փոխնախարար Պատրիկ Յակին հայտնել է որ արտաշիրիմումի մասին որոշում կայացնելիս՝ դատախազությունը հիմք է ընդունել ՔՕ 209 հոդվածը, որի համաձայն հանցագործության մասին կասկածներ հայտնվելու դեպքում թույլատրվում է արտաշիրիմում ու դիահերձում։