Եվրամիության Արտաքին գործերի խորհուրդը ողջունում է Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնագրում գրանցած առաջընթացը եւ ակնկալում է, որ իր ժամանակին կսկսվի դիտարկվել վիզային երկխոսության սկիզբը։ Այս մասին ասված է Արեւելյան գործընկերության հարցով Խորհրդի եզրակացության մեջ։
Երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են ընթացիկ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները Արեւելյան գործընկերության 6 անդամների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ։
Խորհուրդը կոչ է արել վերսկսել տարածաշրջանում միջազգային իրավունքի եւ սկզբունքների վրա հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Փաստաթղղթում ասվում է, որ վստահության ամրապնդումը եւ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն տնտեսական, սոցիալական զարգացման եւ համագործակցության համար։ «ԵՄ–ն շարունակում է հավատարիմ մնալ իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցությանը։ Խորհուրդը հիշեցնում է հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման հարցում ԵՄ դերի մասին»,– ասված է եզրակացության մեջ։
Խորհուրդը նաեւ ակնկալում է, որ 2017-ի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում կքննարկվեն Ռիգայի գագաթնաժողովից հետո գրանցած արդյունքները եւ կքննարկվեն նաեւ ԵՄ գործընկեր երկրների միջեւ համագործակցության եւ հետագա առաջընթացի ուղիները։
Փաստաթղթում ասվում է, որ առեւտրատնտեսակա բնագավառի ամրապնդումը կնպաստի ԵՄ–ի հետ տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացմանը։
Խորհուրդը նաեւ հաստատել է էներգետիկ փոխադարձ կապերի, գազի անխափան մատակարարման եւ էներգետիկ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կարեւորությունը, այդ թվում՝ էներգաարդյունավետության չիրացված ներուժի մասին հարցի ուսումնասիրության միջոցով, որը կարեւոր դեր է խաղում գործընկեր երկրներում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։




























