Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կհամարձակվեն  զինվորների համար հավաքվող  գումարը վատնեն, պետք է կախաղան հանվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն՝ անդրադառնալով Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական աջակցության մասին նախագծին:

«Սա միասնականության գաղափար է, համազգային տուրք է բանակին, կարող ենք դիմել արտասահմանցի մեր հայրենակիցներին, որ տարեկան 24 դոլար փոխանցեն այդ հիմնադրամին, դա համազգային տուրք կլինի մեր բանակին, զինվորներին: Այսօր բոլորս էլ կողմ ենք քվերակելու, ուղղակի ձեւերն ենք ասում՝ ինչպես անեն: Ոչ մեկ այս երկրի բանակի թշնամին չէ, մենք համախմբված ենք:  Մենք ասում ենք՝ տվեք սոցապ նախարարությանը, թող այդ գործողությունն անի, դուք ինչի եք որեւէ հիմնադրամ ստեղծում: Նախարարությունը թող զբաղվի այդ հարցերով»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա նշել է, որ կան ծախսեր, որոնք կրճատելով կարելի էր հարցը լուծել:

«Շատ վատ է, որ գեներալները էնքան են հարստացել, որ Աստծուն ասատուր են արդեն ասում, որտեղի՞ց իրենց այդքան փող, իր աշխատավարձը գործուղումներով աստիճանով հանդերձ թող լինի ամենաշատը 800 հազար դրամ, որտեղի՞ց էդ հարստությունը, թող սկսեն էդտեղից»,-ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է 1000 դրամի հիմնադրամի հանդեպ հանրության անվստահությանն, ասել է.

«Եթե հանկարծ  թույլ տան այս գումարներն ուրիշ ձեւ ծախսեն, այդ իշխանավորներին ուղղակի պարանով պիտի կախեն... եթե իշխանավորները թույլ տան այս հիմնադրամի գումարի վատնեն, պետք է ամենախիստ միջոցներով պատժվեն»: