«Հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում։ Հայ-թուրքական համատեղ արձանագրությունների գործընթացը շատ շուտ է սկսվել, սկզբում այն գաղտնի էր, հետո այն ապրիլ ամսին ջրի երես դուրս եկավ», -այս մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց քաղաքագետ,վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վերլուծաբանի հավաստմամբ, այդ գործընթացի համար Թուրքիայի վրա ճնշում է գործադրվել թե ԱՄՆ-ի, եւ թե Եվրոպայի կողմից։ «Թուրքիայի վրա այնուամենայնիվ ճնշում գործադրվում է։ Սակայն վտանգ կա, որ Թուրքիան այս գործընթացը կձգձգի եւ չի հասցնի իր ավարտին։ Նրանք կարող են „մեզ գցել“, քանի որ իրենք ավելի խորամանկ ու խելացի են», -ասաց նա՝ հուսալով, որ Հայաստանի կատարած գործողությունները, այնուամենայնիվ, բավարար կլինեն այդ գործընթացը շարունակելու համար։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական համատեղ արձանագրություններից հետո, ղարաբաղյան հարցի լուծման համար միջազգային հանրության ճնշմանը՝ վերլուծաբանի կարծիքով՝ Ղարաբաղը ոչ մի ընդհանրություն չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, քանի որ փաստաթղթի մեջ նշված չեն՝ ոչ Ղարաբաղ, եւ ոչ էլ ցեղասպանություն բառերը։
Եզրափակելով իր խոսքը, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ավելի շատ խնդիրներ կառաջացնի, իսկ Թուրքիային՝ ճանապարհ կհարթի դեպի Եվրոպա։




























