Այն բանից հետո, երբ Ռուսաստանի Պետդուման համաձայնություն է տվել քրեական գործ հարուցել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ, իշխանությունների դժգոհությանն արժանացած օլիգարխին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը բաց է մնացել։ Ներկայումս ավելի քան 2 մլրդ ռուբլի հափշտակած Եղիազարյանը, գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։

Ինչպես գրում է «Նովիե իզվեստիան», նոր կանոնների գործելու պարագայում անձեռնմխելիության հարցը կլուծվի 10 օրից։ Եղիազարյանի շատ գործընկերների կարծիքով այդ ընացքում նա փախչելու ժամանակ կունենա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի Պետդուման հոկտեմբերի 22-ին 382 կողմ ձայներով հավանություն էր տվել Ժիրինովսկու գլխավորած խմբակցության հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:

Մեղադրանքների էությունը հետեւյալն է. Աշոտ Եղիազարյանը, խաբեությամբ գործարար Միխայիլ Անանեւից ստացել է  550 մլն ռուբլի, ինչպես նաեւ 1,5 մլն ռուբլի արժողությամբ ընկերություններից մեկի բաժնետոմսերը: Սակայն, ըստ պատգամավորի, խոսքը դեռ չի գնում Եղիազարյանին կալանելու կամ պատգամավորական մանդատից զրկելու մասին: Եթե նրան հասցեագրված մեղադրանքներն ապացուցվեն, պատգամավորները պետք է եւս մեկ անգամ հավաքվեն ու եւս մեկ որոշում կայացնեն, օրինակ այն մասին, որպեսզի Եղիազարյանին պարտադրաբան տանեն հարցաքննության կամ կալանեն:

Փաստաթղթում ասվում է, որ հետաքննությունը հայազգի պատգամավորի գործողություններում մեքենայության հանցակազմ է տեսնում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի: Դա ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: