Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած  Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Ինչպես դատարանից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստում ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: Նա իր երկարաշունչ ճառում նախ հերքեց մեղադրյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունները, ըստ որոնց Խալաֆյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ առեղծվածային հանգամանքներում մահացել է, այնուհետեւ դատարանին առաջարկեց, որպեսզի Չարեցավանի քրեական հետախուզության բաժանմունքի  պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվի 8 տարվա ազատազրկման, Մորիս Հայրապետյանը` 2 տարվա պայմանական ազատազրկման: Նա նաեւ դատարանին առաջարկեց Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին դատապարտել մեկական տարվա ազատազրկման, սակայն կրկին պատիժը կիրառել պայմանական:

Այնուհետեւ ճառով հանդես եկավ տուժող կողմի ներկայացուցիչ` Համիկ Խալաֆյանը (նա սպանված Վահան Խալաֆյանի հորեղբայրն է): Նա հայտարարեց, որ իրենք չեն հավատում Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ իերնց հարազատին խոշտանգելով սպանել են:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորի որոշմամբ դուրս հրավիրեցին Վահան Խալաֆյանի մորը: Բանն այն է, որ երբ դատախազն իր ելույթում ներկայացնում էր Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները, Վահանի մայրը ռեպլիկ արեց, ինչն էլ առիթ դարձավ նրան դատարանի դահլիճից դուրս հրավիրելու համար:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ նիստերի, այսօրվա դատական նիստում դահլիճում մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, որոնց մի մասը Հրազդանի ոստիկանության աշխատակիցներ են:

Համիկ Խալաֆյանի ելույթից հետո դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը:

Նիստի ավարտից հետո լեզվակռիվ սկսվեց Վահան Խալաֆյանի եւ մեղադրյալ Աշոտ Հարությունյան հարազատների միջեւ: Վերջինիս հայազատները պնդում էին, որ Վահան Խալաֆյանն ինքնասպան չի եղել, բայց մարդասպանը ոչ թե Աշոտ Հարությունյանն է, այլ Սամվել Տոնոյանը, ով ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը բերման էր ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք` գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին: Գործում նշվում է, որ ոստիկանները խոշտանգել են նրան եւ Խալաֆյանն ինքնասպան է եղել, այնինչ սպանվածի հարազատները պնդում են, որ Վահանին ուղղակի սպանել են դանակի հարվածներով: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում է 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորիս Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը:

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի