Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը: Այս մասին, նոյեմբերի 15-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում իր առաջին խորհրդակցության ժամանակ նշել է ՍԱՊԾ նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր ղեկավարը նախանշեց աշխատանքի այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Ծառայությունը, որոնք պետք է բնութագրեն վերհասկող կառույցի դերն ու կարեւորությունը` ապահովելով երկրում սննդամթերքի անվտանգության համակարգի որակապես նոր զարգացումներ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ծառայության պետի համոզմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը եւ այդ ուղղությամբ իրականցվելու են հետեւողական քայլեր»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ ոլորտում կան թե բազմաթիվ խնդիրներ, թե ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն եւ բուսասանիտարիա: Առաջին խնդիրը, որն առնչվում է սպառողին՝ սննդամթերքի անվտանգությունն է. այստեղ կան  պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում:

Ծառայության պետի խոսքով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանում արտադրվող եւ իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»:

Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նաեւ նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ: Անասնաբուժության ոլորտում նա կարեւոր համարեց նպաստել բնագավառի զարգացմանը՝ ոչ թե հետադարձ արձագանքման, այլ համաճարակը կամ կենդանիների հիվանդությունները կանխարգելելու ճանապարհով: Բուսասանիտարիայի ոլորտում եւս առանձնացվեցին մի շարք խնդիրներ, տրվեցին հստակ հանձնարարականներ:

Ծառայության պետը հատուկ ընդգծեց սահմանային հսկողության կարեւորությունը եւ հանձնարարեց խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առանջային գործառույթն է»,- եզրափակեց Ի. Կարապետյանը:

Ընդգծվեց, որ իրականացվելու է խիստ, բայց արդարացի քաղաքականություն. նախ՝ լանյամասշտաբ դիտարկումներ ու դրանց միջոցով վտանգի գնահատում է իրականացվելու, ապա՝ տնտեսավարողին տրվելու է ժամանակ ու հնարավորություն, նաեւ՝ խորհրդատվություն, արձանագրված խախտումները վերացնելու համար: Հետեւություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ եւ կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության ղեկավարն ընդգծեց սննդամթերքի անվտանգության ոլորտում միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը՝ մասնավորապես սննդի որակի կառավարման՝ առաջնային համարվող HACCP, ինչպես նաեւ  ISO 22000 շարքի, FSSC 22000 համակարգերի ներդրումը սննդի շղթայում եւ հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգերի վերաբերյալ իրազեկման, մասնավորապես՝ տեղական եւ միջազգային կառույցների աջակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր, խոսվեց բոլոր ծառայությունները եւ ընթացակարգերը թվայնացնելու անհրաժեշտության, ինչպես նաեւ սահմանային հսկիչ կետերում ՊԵԿ-ի հետ համագործակցաբար «մեկ պատուհան» սկզբունքը գործածելու մասին: