Այսօր` հոկտեմբերի 25-ին Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Գեւորգ Հայրապետյանի դատավճիռը, որով նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նույն գործով Իրանի քաղաքացի, լրտեսության մեջ մեղադրվող Բաղերիին դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

Գեւորգ Հայրապետյանը մեղադրվում է Ադրբեջանի հատուկ ծառայություններին Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկող տեղեկություններ փոխանցելու մեջ: Նրա պաշտպանները հայտարարում են, որ մեղադրանքը հորինված է: Ի դեպ, նշվում է, որ այս գործով շոշափվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:

Գեւորգ Հայրապետյանը Երկրապահ կամավորականների միության անդամ է, փոխգնդապետ:

Դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ հավաքվել են Գ Հայրապետյանի հարազատներն ու մարտական ընկերները եւ բողոքում են դատավճռի դեմ: Իրավիճակը վերահսկելու համար դատարանի բակում ավելացվել է ոստիկանների թիվը: