Հարավային Կովկասում շարունակական խաղաղության հաստատման կարեւորագույն պայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:

Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի քաղաքականությունը հարկավոր է դիտարկել հենց Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն հաստատելուն միտված քայլերի համատեքստում: Անկարայում հավատում են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դրական կազդեն նաեւ ղարաբաղյան հակամարտության վրա՝ խթան հանդիսանալով տվյալ ուղղությամբ ջանքերի համար, նկատել է դիվանագետը:

«Անհրաժեշտ է Հարավային Կովկասը դուրս բերել ներկայիս հակամարտության վիճակից՝ կայունության եւ համագործակցության հասնելու համար»,- ասել է Քըլըջը:

Ըստ դեսպանի՝ Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ չի փոխվել: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել է նա: