Հոկտեմբերի 23-ին` ժամը 01.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի 08 ԼՕ 543 պետհամարանիշի եւ «Մոսկվիչ-412» մակնիշի 18 ՏԼ 179 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի մեքենայի վարորդ`48-ամյա Նորիկ Մինասյանը եւ «Մոսկվիչ-412» մակնիշի մեքենայի ուղեւոր`47-ամյա Հասմիկ Մարգարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Հ.Մարգարյանը տեղափոխել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի հետեւանքով ճամփեզրի ծառը շրջվել է եւ փակել ճանապարհը, «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայից  տեղի  է ունեցել գազի արտահոսք:

Փրկարարները կանխել են գազի արտահոսքը, հոսանքազրկել երկու ավտոմեքենաները եւ մասնատելով ծառը` ազատել ճանապարհը:

Հ. Մարգարյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ն.Մինասյանի վիճակը` միջին ծանրության: