Հայաստանը ռուսաստանյան իրավապահներին է հանձնել Նովգորոդի քրեական հանրության պարագլուխ Թելման Մխիթարյանին, ում Ռուսաստանում մեղադրում են շորթման եւ անօրինական ձեռնարկատիրության մեջ:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ «նրան հանձնելու մասին գլխավոր դատախազի որոշումը ուժի մեջ է մտել, եւ էտապավորման գործընթացն իրականացնում է Հայաստանի ոստիկանությունը»:

Իսկ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանն էլ հայտնեց, որ Թելման Մխիթարյանին ռուսաստանյան իրավապահներին են հանձնել հոկտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ Թելման Մխիթարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Երեւանի  Մաշտոցի պողոտայում: Նա համարվում է Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը: Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների,  Մխիթարյանը «Նովգորոդի Ապակեթելերի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:

Թելման Մխիթարյանին էքստրադիցիայի ենթարկելու միջնորդությամբ հայ իրավապահներին դիմել էին Ռուսաստանի իրավապահ մարմինները, եւ նա մոտ երկու ամիս կալանքի տակ էր գտնվում: