Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է «Հեպատիտ Ց»-ի գործով դատաքննությունը։ Այս փուլում ցուցմունք են տալիս փորձագետները։
«Որեւէ կերպ չի հիմնավորվել, որ այդ անձինք «Հեպատիտ Ց»–ով վարակվել են Քաջարանի հիվանդանոցում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալ, հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանի փաստաբան Սեյրան Ազիզյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























