Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել, տուժած բնակիչների անունները ներկայացրել են Երեւանի քաղաքապետարան՝ իրենց բնակարանային խնդիրները մեկ անգամ եւս վերանայելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ տուժած բնակիչների անունները ներկայացրել են, սակայն, մոռացել են իր անունը եւս ներառել ցուցակի մեջ, որի պատճառով այժմ խնդիր է ռաջացել եւ չի կարողանում մասնակցել բնակարանային խնդրի քննարկումներին. «Ինձ ներս չեն թողնում, ասում են՝ դու չկաս ցուցակում, բայց բոլորն էլ ասում են, որ ես տուժած բնակիչներից եմ, ուղղակի մոռացել են գրեն իմ անունն էլ»:
Տիկին Վալենտինան նշեց, որ հաճախ են ցույցեր կազմակերպում Երեւանի քաղաքապետարանի դիմաց, որից քաղաքապետը շատ է «նեղվում». «Հենց պլակատ է տեսնում՝ ամաչում ու ասում է՝ եկեք ներս քննարկելու: Ասում է՝ ինքը կապ չունի, նախկին քաղաքապետն է արել, տեղյակ չէ: Պլակատների վրա Տարոն ենք գրում, ամաչում է, կանչում է հանդիպման, բայց ընթացք չի տրվում գործին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:




























