Հայ հասարակությունը հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման գործընթացը դիտարկում է առավելապես երկու երկրների միջև սահմանների բացման պրիզմայով: NEWS.am լրատվական գործակալության թղթակիցը այս եզրահանգմանը եկավ Երևանի փողոցներում անցկացրած փոքրիկ հարցումից հետո:
Հարցման արդյունքներից դատելով` հայ հասարակության զգալի մասը դեմ չէ սահմանների բացմանը և կարծում է, որ տնտեսական առումով դա նույնիսկ ձեռնտու կարող է լինել Հայաստանի համար: «Դրանից Հայաստանի տնտեսությունը միայն կշահի»,- կարծում են հարցվածներից շատերը և հավելում, որ արդեն վաղուց ժամանակն է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետության հետ: Եթե միջին և ավելի մեծ տարիքի մարդիկ առավել լավատես են, հակված հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը և էական վտանգ չեն տեսնում սահմանների բացման մասով, ապա նույնը չի կարելի ասել հայ երիտասարդների մասին: Անհանգստացած Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքով` նրանք կարծում են, որ սահմանները ոչ մի դեպքում չարժե բացել: Հարցին, թե ինչու՞ են այդպես մտածում, նրանցից ոմանք պատասխանեցին, թե անհնար է մոռանալ այն, ինչ արեցին թուրքերը 1915թ-ին, մյուսները պատճառաբանեցին, որ սահմանների բացումը լրջորեն կվնասի ազգի էթնիկական նկարագրին:
Կարծիքները տարբեր են, ու թեպետ երիտասարդների և առավել տարեցների տեսակետները տրամաբանորեն հակառակ բևեռներում են, դա չի խանգարում, որ նրանցից յուրաքանչյուրը հաստատ մնա իր համոզման մեջ:
P. S.Ստորեւ բերում ենք հնչած մի քանի տեսակետներ՝
«Դեմ եմ, որովհետեւ ինձ թվում է ճիշտ ժամանակը չէ։ Ղարաբաղի հարցով ոչինչ դեռ պարզ չէ եւ այդ քայլը սխալ կլինի», -ասում է ԵՊՀ-ի 18 տարեկան մի ուսանողուհի։
«Եթե իրենք մինչեւ հիմա չեն ընդունել եղեռնը՝ դժվար կողմ լինեմ, եթե իրենք մինչեւ հիմա իրենց արած ոճիրը չեն ընդունում,սահմանը ինչ՞ի համար բացեն»,-նշում է 19 տարեկան Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեկ այլ ուսանողուհի։
«Կողմ եմ, քանի որ պետք է հարաբերությունները լավանան, որ թուրքական կողմը որոշի մի քիչ փափկել, ամեն մեկը իրենը ասելով՝ ոչ մի արդյունքի չեն հասնի», — կարծում է 22 տարեկան Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհին։
«Կողմ եմ, արդյունքը ինձ թվում է դրական կլինի, որովհետեւ ճգնաժամային առումով Հայաստանի վիճակը կթեթեւանա։ Կթեթեւանա նաեւ բեռնափոխադրումների խնդիրը, սոցիալական վիճակը որոշ չափով կբարելավվի։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա այն երբեք չի կարելի մոռանալ», — ասում է 24 տարեկան հեռուստահաղորդավար, լրագրող Սիփանը։
«Կողմ եմ, որովհետեւ արդյունաբերությունը կզարգանա, առեւտուրը կզարգանա, մարդիկ ավելի լավ կապրեն, դա ոչ մի վնաս չի տալիս, իսկ ինչ վերաբերում է պատմությանը,ապա այն ոչ մի դեպքում չարժե մոռանալ»,- ասում է 70 տարեկան մի թոշակառուն։
«Դեմ եմ սահմանը բացելուն, որովհետեւ մեր հայ աղջիկները ավելի շատ կձգտեն գնալ այնտեղ, ու մեր հողերը թող մեզ տան, գնանք մեր պատմական հողերում ապրենք»,- ասում է 40 տարեկան մարմնամարզիկը։




























