ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Երեւանի պետական եւ Ռոստովի համալսարանների համատեղ «Վիզուալ հաշվարկ» համատեղ մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացումը: Նոր մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում:
Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետեւյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն եւ պատկերների մշակում:
«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները` այդ թվում նաեւ արտերկրից: Դասավանդումը կազմակերպվելու է ՌՀ եւ ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումը կլինի հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ:
Համաձայն ծրագրի` ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում եւ մեկ կիսամյակ ՌՀ-ում, որտեղ եւ պաշտպանելու են մագիստրոսական թեզ: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչը չունի նախադեպ Հայաստանում:
Նշենք, որ ԵՊՀ կողմից նախագծի համակարգողն է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնը, իսկ ծրագիրը իրականացվելու է տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: ՌՀ-ի կողմից նախագծի համակարգողն է ՌՀ-ի ինֆորմատիկայի եւ էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետը։
Տեղեկացնենք, որ դեռեւս 2009 թվականին Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը /DAAD/ հաստատեց համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծ` ներկայացված ԵՊՀ եւ Ռոստոկի համալսարանի կողմից: Նախագծի շրջանակում նախատեսվում է 2011-2012 եւ 2012-2013 ուս. տարիներում այլ մագիստրոսական ծրագրերի ներդրում ԵՊՀ-ում:





























