Վանաձորի ծննդատանը 1 ամիս առաջ մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատների եւ բժիշկների միջեւ դեպքի օրը միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, երիտասարդ կնոջ մահվան լուրն իմանալուն պես հարազատները սկսել էին վիճել բժիշկների հետ, վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը հաստատեց մեր տեղեկությունը:
«Երբ հարազատներին ասել են Հռիփսիմեի մահվան մասին, ծեծկռտուք է սկսվել»,- ասաց Անի Չատինյանը:
Մահացած ծննդկանի հարազատները բժիշկներին հանդիպել են նաեւ երեխային դուրս գրելու օրը: Այդ ժամանակ, ըստ փաստաբանի, միայն վիճաբանություն է եղել:
Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա հարազատներն ավելի ուշ NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մասնավորապես սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդկանը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:
Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացել էր պատասխանել՝ ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
Նշենք, որ ծննդկանի մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:




























