Արդիական է ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների եւ ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության առաքելությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը ներկայացրել է ԵԳՖԱ ծրագրի ընթացքը, որի նպատակն է բարելավել ընտրված գյուղական տարածքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Պատվիրակության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ չնայած ծրագրի մեկնարկից դեռեւս շատ քիչ ժամանակ է անցել, այն կարելի համարել հաջողված:
Ընդգծելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ եւ մշակել ու Հայաստանում իրականացնել նոր ծրագրեր` Ռամի Սալմանը միաժամանակ նշել է, որ արդյունավետության ապահովման համար դրանք պետք է համահունչ լինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին եւ գերակա խնդիրներին:
Այս համատեքստում նախարարը մասնավորապես կարեւորել է ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնաբուժական կենտրոնների վերազինման եւ մասնագետների վերապատրաստման խնդիրները:
Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման եւ արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` Իգնատի Առաքելյանն արդիական է համարել ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների եւ ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկա ծրագրերում գյուղացիներին մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրման եւ դրամաշնորհների ներգրավման հնարավորության հարցին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմել եւ հիմնադրամին ներկայացնել հետագա համագործակցության առաջնային ուղղությունների ցանկը, որը որպես բաղադրիչ կընդգրկվի նոր ծրագրում:





























