«Շնորհիվ Հայաստանի նախագահի վարած քաղաքականության` Թուրքիայի հետ հարաբերությունների նոր ընթացքը որակով է դրված, ինչի արդյունքում կարողացանք քայլ անել, որը ողջունվում է միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչների կողմից»,- սեպտեմբերի երկուսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների համաձայնեցումը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ենթադրում են քայլերի հաջորդականություն եւ ժամկետներ:
Նալբանդյանի խոսքերով, միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային պահպանել համաձայնությունները եւ սեղմ ժամկետներում ստորագրել արձանագրությունները, որոնք տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն կհաստատեն: Նախարարի խոսքերով, Հայաստանը այդ գործընթացը սկսել է Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար, եւ հույս հայտնեց, որ Անկարան նույնպես նման մտադրություն ուներ: Հայաստանը, հայտարարեց նախարարը, պատրաստ է շարունակել այդ գործընթացը, «տեսնենք,թե ինչպես իրեն կներկայացնի Թուրքիան»: Այն հարցին՝ կարող է արդյո՞ք Թուրքիան ձախողել այդ գործընթացը, թե՞ ոչ, Նալբանդյանը հայտարարեց, որ կյանքում ոչինչ պետք չէ բացառել:
«Ամբողջ աշխարհը մի ուղղությամբ է գնում,եւ, եթե մի կողմը այլ ուղղությամբ ընթանա,ապա դրանով այն կհակադրի իրեն ամբողջ աշխարհին»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ներկայացան մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն՝ երկու պետությունները համաձայնեցին սկսել ներքաղաքական խորհրդատվություններ երկու արձանագրությունների շուրջ, որոնք ստորագրվել են Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:
Դրանք դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմանի հարաբերությունների զարգացման արձանագրություններն են:




























