WikiLeaks-ի՝ իրաքցի խաղաղ բնակիչների զոհվելու փաստը թաքցնելու, ինչպես նաեւ ամերիկացի զինվորների կողմից գործադրված կտտանքների մասին «բացահայտող հաղորդագրությունները» իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար գեներալ Ջորջ Քեյսին։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Դեյվ Լապանն իր հերթին ավելացրել է, որ ամերիկացի զինծառայողները երբեք չեն հաշվել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Նա ընդգծել է, որ նման տեղեկությունները միշտ ստացվել են անհայտ կազմակերպություններից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks կայքէջն իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար գաղտնի փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթղթերը ներառում են 2004 թվականի հունվարի 1-ից 2009 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
«Դրանք մանրամասն տեղեկատվություն են տալիս իրաքյան իրադարձությունների մասին, որոնց ականատեսն են եղել ամերիկացի զինծառայողները»,- ասված է կայքէջում։
Փաստաթղթերում ասվում է, որ այդ ժամանակահատվածում Իրաքում զոհվել է ավելի քան 109 հազար մարդ։ Նրանցից 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ, 23 հազար 984-ը՝ զինյալներ, 15 հազարը՝ զինծառայողներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ 3 հազար 771 ամերիկացի եւ նրանց դաշնակից զինվորականներ։ Միջին հաշվով Իրաքում օրական 31 խաղաղ բնակիչ է սպանվել։





























