Այսօր `ժամը 00:30 սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» համալիրի դիմաց տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորվածներից եւս երկուսը հիվանդանոցում մահացել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արքայաձոր» համալիրի մոտ «ՎԱԶ -2109» մակնիշի 43 ՏՏ 859 համարանիշի մեքենայի վարորդը, նախատեսվածից բարձր արագությամբ վարելով մեքենան, կորցրել էր մեքենայի կառավարումը եւ հարվածել ճանապարհի բետոնե միջնապատին:

Բախումից մեքենան շուռ էր եկել: Վթարի հետեւանքով տեղում մահացել էր ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակից ոստիկանության ավագ Արայիկ Ռուբիկի Հայրապետյանը: Հիվանդանոց էին տեղափոխվել Չարենցավանի բնակիչ 31-ամյա Լեւոն Կոլյայի Պողոսյանը եւ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 49-ամյա Լիպարիտ Ռաֆիկի Սահակյանը:

Լուսաբացին Լեւոն Պողոսյանը, քիչ անց նաեւ Լիպարիտ Սահակյանը եւս մահացել են:

Վթարի վայրում աշխատել են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի վայր է ժամանել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետ Մուշեղ Օհանյանը: Ըստ Գագիկ Շամշյանի, ոստիկանության աշխատանքերը ղեկավարում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, մայրաքաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Հարութ Մարգարյանը: Դեպքի վայրում են նաեւ քննիչները:

 

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի