Ծխախոտի եւ կաթնամթերքի հայ արտահանողների գործողություններում ապրանքանիշների կեղծում չի նկատվել: Այս մասին Երեւանում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2016» միջազգային համաժողովի շրջանակում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Հակամենաշնորհային դաշնային ծառայության պետի տեղակալ Անդրեյ Կաշեւարովը:
Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանի դատական համակարգում համանման երկու գործի դատավարություն է ընթանում: Առաջինը կապված է կաթնային արտադրանքի տեսակներից մեկի փաթեթավորման հետ, որը Ռուսաստան է արտահանում հայկական «Մարիաննա» ընկերությունը: Ընկերությանը փաթեթավորման շփոթության աստիճանի կեղծման մեջ է մեղադրել ռուսական կաթնային կոմբինատներից մեկը: Սակայն նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ հայ արտադրողներն այդ փաթեթավորումն ավելի վաղ են կիրառել, քան նրանց ռուս գործընկերները: «Այնուհետեւ մենք պետք է որոշենք՝ արդյոք ռուսական շուկայում հայկական ընկերության աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծվում են»,- ասաց Կաշեւարովը:
Առավել մեծ հնչեղություն ստացած մյուս գործը Philip Morris-ի բողոքն է ընդդեմ Ռուսաստանում հայկական «Գրանտ Տոբակո» ֆաբրիկայի Ararat ծխախոտի վաճառքի: Philip Morris-ը դրա փաթեթավորումը համարել է Marlboro-ի պատճենման փորձ եւ բողոքել է Ռուսաստանում Ararat ծխախոտը վաճառող «Պոկոմակ» ՍՊԸ-ին, որը ծխախոտի վաճառքը դադարեցրել է: Այդուհանդերձ, ՌԴ ՀՄԴԾ-ն ցանկանում է այդ գործին հակառակ ընթացք տալ: «Ես ինքս եմ ստորագրել մեր եզրակացությունը, որում նշված է, որ այդ երկու փաթեթավորումները նման չեն, եւ անհնար է երկու ապրանքանիշները շփոթել»,- ընդգծեց Հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալը:
Այդ երկու տուփերը դժվար է շփոթել նաեւ այն պատճառով, որ 2014-ի հունիսի 1-ից Ռուսաստանում արգելված է ծխախոտի մանրածախ բաց հաշվարարությունը: Ցուցափեղկը վարագուրված է, եւ գնորդը ծխախոտը ոչ թե տեսողաբար է ընտրում, այլ վաճառողին մակնիշն ասելով (այդ դեպքում Ararat-ի եւ Marlboro-ի միջեւ տարբերությունն ակնհայտ է):
Ըստ որում՝ ՀՄԴԾ-ն իր նախաձեռնությամբ հայ արտադրողներին իրավական օգնություն է ցուցաբերում՝ դատարանում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ որպես երրորդ կողմ հանդես գալով: «Դատարանը հաստատել է Philip Morris-ի եւ «Պոկոմակ»-ի հաշտության համաձայնագիրը: Այն հաստատել են Ռուսաստանի մտավոր սեփականության իրավունքների արբիտրաժային դատարանի եւս երկու ատյաններ: Մենք փորձել ենք վերաքննիչ բողոք ներկայացնել՝ հայ արտադրողների կողմում, եւ դատարանը մեզ մերժել է: Այժմ մենք հայկական ընկերությունների պաշտպանությամբ անկախ պահանջ ենք ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան: Դատավարությունը մինչեւ վերջ կտանենք»,- ամփոփեց Անդրեյ Կաշեւարովը:




























