Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am -ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ներկաներին, ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքներին:
Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ: Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը եւ այլն:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:



















