Թուրքիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Հուսամդդին Ջինդորուկը, մեկնաբանելով հայ-թուրքական համաձայնեցված արձանագրությունները, հայտարարել է, թե Թուրքիայի իշխանություններն այդ քայլին գնացել են ԱՄՆ-ի թելադրանքով:

«Habertürk»-ի փոխանցմամբ, Ջինդորուկը նշել է, թե ուշադիր ուսումնասիրել է արձանագրությունները եւ հավելել, թե այդ արձանագրությունները նման բովանդակությամբ չեն կարող ներկայացվել խորհրդարանի դատին: «Եթե Թուրքիան ցանկանում է լուծել իր հարցերը Հայաստանի հետ, այդ գործընթացին պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանը: Մենք չենք կարող անհարգալից վերաբերմունք դրսեւորել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է խորհրդարանի նախկին նախագահը:

Ըստ Ջինդորուկի՝ Հայաստանի հետ հարաբերություններում չկա ոչինչ, որն անհրաժեշտ է լուծել շտապ կարգով: «Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի նախագահը չգա Բուրսա՝ խաղը դիտելու: Եթե գա, խաղը սկսվելու է նրա հարվածո՞վ, թե՞ ինքն է խաղը դատելու: Մենք չպետք է սխալ քայլեր անենք, միայն որ Հայաստանի նախագահը ժամանի Թուրքիա»,- ամփոփել է Ջինդորուկը: