Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ)  տագնապով տեղեկացնում է, որ Հայաստանում շարունակվում է սրտանոթային հիվանդությունների աճն ու երիտասարդացումը, բարձրանում է այդ հիվանդությունների տեսակարար կշիռը ընդհանուր հիվանդացության եւ մահացության կառուցվածքում:

ՀԲԱ-ն 2010-ի հոկտեմբերին 1000 դպրոցական տարիքի երեխաների շրջանում  կատարել է «Երեխաների օրգանիզմի բնականոն աճն ապահովող սննդա¬յին գործոնների գնահատումը Երեւանում»  լայնածավալ հետազոտությունը: Հետազոտության արդյունքները եւս փաստում են, որ երեխաների մոտ բարձր տարածվածություն ունեն ավելցուկային քաշն ու ճարպակալումը, որի պայմանավորող գործոններից են առողջ սննդակարգի մշակույթի բացակայությունն ու իմացության անբավարար աստիճանը:

Ելնելով վերոնշյալից` ՀԲԱ-ն սկսում է իրականացնել «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագիրը, որի նպատակն է ճիշտ կենսակերպի, մասնավորապես, առողջ սննդի վերաբերյալ բնակչության բազմակողմանի իրազեկումը: Ծրագիրը ներառում է առողջ կենսակերպի ներդրման միջոցառումների ամբողջական փաթեթ,  ինչպես նաեւ հատուկ մակնշման միջոցով հասարակության իրազեկում այն սննդամթերքների մասին, որոնց օգտագործումը վնասակար չէ առողջությանը: Ծրագրի առաջին փուլում ասոցիացիան որոշել է հսկողություն  իրականացնել սննդամթերքներում ճարպի, շաքարի եւ աղի պարունակության նկատմամբ, քանի որ դրանք հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ամենատարածված եւ վտանգավոր  գործոնները:

Ուստի, Հայկական բժշկական ասոցիացիան դիմում է բոլոր շահագրգիռ մարմիններին եւ, առաջին հերթին, զանգվածային լրատվամիջոցներին մեր ծրագրին աջակցելու կոչով եւ խնդրանքով: Բոլորս կարող ենք մեր ներդրումը ունենալ առողջ սերունդ դաստիարակելու, հասարակության առողջացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու այսօր արդեն հրատապ գործում: Եւ այդ ամենը, անշուշտ, կնպաստի մեր երկրի սոցիալական, առողջապահական, հոգեբանական խնդիրների արդյունավետ լուծմանը:

Կազմակերպիչներն են «Հայկական բժշկական ասոցիացիան», Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: