2007-ին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության գործը բացահայտվել է: Հետաքննությունների դաշնային գործակալությունը պնդում է, որ սպանությունը կազմակերպել էին պակիստանյան թալիբները:
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է ՀԴԳ աղբյուրը, սպանության հետեւում կանգնած են «Թեհրիկ-է Թալիբան-է Պակիստան» շարժումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Քննիչները կարծում են սպանության հիմնական կազմակերպիչը շարժման նախկին առաջնորդ Բայթուլլա Մեհսուդն է, ով հետագայում սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի հարձակման արդյունքում:
Բհուտտոն առաջին կինն էր, ով գլխավորել է կառավարությունը մահմեդական երկրում: Նա երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 1988-90 եւ 1993-96 թվականներին: Բհուտտոն սպանվել էր 2007թ. դեկտեմբերի 27-ին Ռավալպինդի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:





























