Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման Արձանագրություններում ոչ մի բառ չկա Ղարսի պայմանագրի մասին: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Փաստաթղթում հստակ ասված է, որ կողմերը հարգում են միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային իրավունքն ու սկզբունքները: Որեւէ հիշատակում չկա Ղարսի պայմանագրի մասին: Եւ ցուլի տակ հորթ մի փնտրեք»,- հայտարարեց նա: Նախարարը նույնիսկ չհամաձայնեց, որ Արձանագրության ձեւակերպումները անուղղակի կերպով վկայում են Ղարսի պայմանագրի ճանաչման մասին: «Ցանկացած փաստաթղթում, հետեւելով այդ տրամաբանությանը, կարելի է ենթատեքստ գտնել: Ենթատեքստ մի փնտրեք: Միջազգային հարաբերություններում եւ իրավունքում, գաղտնի բաների մասին չեն խոսում: Խոսում են այն մասին, ինչ հստակ եւ ուղիղ գրված է: Իսկ այնտեղ գրված է այն, ինչ ասացի»:
Նշենք, որ համաձայն «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» Հայաստանն ու Թուրքիան պարտավոր են ճանաչել ընդհանուր սահմանը՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան: Հայաստանն առ այսօր չի ճանաչել այդ սահմանը, քանի որ այն նշված էր Ղարսի պայմանագրով: Պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին քեմալական Թուրքիայի եւ Անդրկովկասի Հանրապետության միջեւ: Պայմանագրով, մասնավորապես, նշված են Հայաստանի ներկայիս սահմանները: Իսկ Ղարսի եւ Իգդիրի շրջանները, որ զավթվել էին թուրքական կողմից 1920թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում, անցավ Թուրքիային, Նախիջեւանի մարզն էլ՝ Ադրբեջանին: Հայաստանի տարածքը, ըստ պայմանագրի, կրճատվեց մինչեւ 29 հազար քառ.կմ-ի: Խորհրդային Միության կործանումից հետո Հայաստանը չվավերացրեց այդ պայմանագիրը:




























