Երեկ երեկոյան Աբովյան փողոցում՝ «Փարիզյան սուրճ» սրճարանի մոտ ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների խմբի վրա են հարձակվել մի խումբ անձինք եւ ծեծի ենթարկել:
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական խորհուրդը հայտարարություն է տարածել եւ հայտնել, որ պարզվել է, թե այդ հարձակվողները եղել են քաղաքացիական հագուստոեվ ոստիկաններ: «Դաժան ծեծի են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքն իրազեկող երիտասարդները: Նրանցից երեքը` Սահակ Մուրադյանը, Տիգրան Առաքելյանը, Հերբերտ Գեւորգյանը, Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Նոր-Նորքի հիվանդանոց ծանր մարմնական վնասվածքներով: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարության մեջ: Ի դեպ, հարձակման հետեւանքով երիտասարդներից Սահակ Մուրադյանը ուղեղի ցնում է ստացել: Միջադեպին ներկա է եղել օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը փորձել է պաշտպանել երեխաներին: Երիտասարդների վրա հարձակվողները հասցրել են պատռել նաեւ Դավիթ Մաթեւոսյանի հագուստը:
Նշենք, որ երեկ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ, ուր պառկած էին երիտասարդները, մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում նաեւ ոստիկաններ, Կոնգրեսի ներկայացուցիչներ, ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, լրագրողներ, այլք: Հիվանդանոց են այցելել նաեւ ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք հրելով եւ քաշքշելով մարդկանց դուրս են հանել շենքից: Երիտասարդների ծնողներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել երեխաների մոտ: Կեսիգիշերի մոտ, երիտասարդների վիճակի կայունանալուց հետո ծնողներին թույլ տվեցին մուտք գործել բաժանմունք եւ տեսնել երեխաներին: Ուշ երեկոյան ծեծի ենթարկված երիտասարդներին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:



















