Հայ-թուրքական համաձայնեցված արձանագրությունների հրապարակումից հետո թուրքական ընդդիմությունն անխնա քննադատում է թուրքական իշխանություններին: Մասնավորապես, քննադատելու գործում աննախադեպ եռանդ է դրսեւորում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Թուրքական մամուլն ու հեռուստաընկերությունները հիշեցրել են «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր առաջնորդ, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի հայտարարությունները: Թյուրքեշը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այնպիսի նախաձեռնությամբ էր հանդես եկել, որ նույնիսկ ներկայիս ամենալիբերալ գործիչները չեն համարձակվի նման կերպ արտահայտվել։ Մասնավորապես, Թյուրքեշը հայտարարում էր, որ պատրաստ է Հայաստանին Ադրբեջանի հետ զինադադար կնքելու դիմաց, տրամադրել էլեկտրականություն, հացահատիկ, եւ այն ամենը ինչ անհրաժեշտ է Հայաստանին, այդ թվում նավահանգիստ Սեւ ծովում՝ հատուկ Հայաստանի համար։
Հենց Ալփասլան Թյուրքեշի այս խոսքերն են հիշեցնում նրա կողմից հիմնադրած «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայիս անդամներին, ի պատասխան այդ կուսակցության անդամների իշխանությանը ուղղված քննադատություններին։




























