2012 թվականին ձեւավորվելիք խորհրդարանում կընդգրկվի նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով, խորհրդարան կմտնի նաեւ ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգություն» կուսակցության հետ կապված նա ոչ մի կանխատեսում չարեց, միայն նշեց, որ ՀԱԿ-ն այսօր ավելի մեծ շանսեր ունի խորրդարանում ընդգրկվելու, քան «Ժառանգությունը»:
«Այսօրվա տիտղոսային ընդդիմությունը ՀԱԿ-ն է եւ նա է կարողանում հասարակության մեջ կոնսոլիդացնել որոշակի մի էլեկտորատ, որն ունի հստակ պատկերացումներ եւ կառուցվածաքային իմաստով ավելի կազմակերպված ուժ է»,-ասաց քաղաքագետը:
Բոզոյանի համոզված է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ռեսուրս չի ունենա անցնելու խորհրդարան: «Հայաստանի ներքաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ եթե կուսակցությունը այդպիսի ռեյտինգ է կորցնում, ինչպիսին ՕԵԿ-ը կորցրեց, իսկ ինքը փաստացիորեն, իր իրականացրած քաղաքականության պատճառով կորցրեց իր հիմնական խավը` միջին դասը, ապա որեւէ շանս չունի խորհրդարանում հայտնվելու»,- ասաց նա:
Բոզոյանի կարծիքով 2012 թվականին խորհրդարանում չի հայտնվի նաեւ Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը:
Քաղաքագետը, սակայն, չի բացառում ընտրությունների ժամանակ հնարավոր նոր խաղացողի ի հայտ գալը, որը կարող է վերադասավորումներ իրականացնել քաղաքական դաշտում:




























