Արցախի անկախության հարցի քննարկումը եւ ԱԺ-ում եւ հասարակության մեջ անհրաժեշտ է, սակայն քվեարկել ու որոշում ընդունելն անցանկալի արդյունքների կարող է բերել: Նման տեսակետ է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Հայաստանն անկասկած պետք է ճանաչի Արցախի անկախությունը, սակայն հատուկ իրավիճակի եւ կամ միայն հարցի լիովին նախապատրաստական աշխատանքները տանելու դեպքում: Ըստ Ա.Գրիգորյանի,  վերոհիշյալ պայմանները, որոնց դեպքում Հայաստանն անմիջապես պետք է ընդունի Արցախի անկախությունը հետեւյալն են.

1. Ադրբեջանը կազմակերպում է հարձակում Արցախի վրա կամ որեւէ խոշոր սադրանք,

2. Հայաստանը պայմանավորվում է Ռուսաստանի հետ` փոխադարձաբար ճանաչել Աբխազիայի,Հարավային Օսեթիայի ու Արցախի անկախությունները,

3. Համաշխարհային հայկական լոբինգը եւ ՀՀ ԱԳՆ-ն վարում են արդյունավետ եւ տեւական աշխատանք հայամետ պետություններում, ինչպես նաեւ համանման խնդիրներ ունեցող  երկրներում` նրանց նախապատրաստելով Հայաստանի հետ, կամ Հայաստանից անմիջապես հետո, Արցախի անկախության ընդունմանը:

«Հնարավոր է նաեւ իրականացնել վերոհիշյալ տարբերակներից երկուսի կամ երեքի միաժամանակյա կատարումը: Այդ նպատակով անհրաժեշտ է երկրորդ եւ երրորդ դրույթների շուրջ աշխատանքների ինտեսիվացում»,- նշել է Ա. Գրիգորյանը:

Նա հույս է հայտնել, որ եկող տարվա ընթացքում կարելի է սպասել ցանկալի արդյունքներ ԼՂ միջազգային ճանաչման հարցում, որի հետեւանքով Ադրբեջանի դիրքորոշումը եւ վարվող քաղաքականությունն Արցախի հարցում կտրուկ փոփոխության է ենթարկվելու: «Ամենայն հավանականությամբ, արդյունքում Ադրբեջանը կատարելու է սխալ քայլ, որից օգտվելով Հայաստանն անմիջապես ընդունելու է Արցախի անկախությունը»,- ընդգծել է Ա. Գրիգորյանը: