Դաշնակցությունը լավ է հասկանում, որ ընդդիմության մեջ լինելով՝ այսպիսի արատավոր ընտրական համակարգի պայմաններում ընտրությունների մասնակցելը չափազանց բարդ գործ է լինելու։ Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։
«Մենք բնակաբար անում ենք ամենը բան, որպեսզի արատավորության այդ դրսեւորումները հնարավորինս պակասեն, որպեսզի ընտրական գործընթացներն ինչ-որ տեղ համարժեք լինեն ժողովրդի ցանկություններին։ Բայց այնքան էլ միամիտ չենք, որ կարծենք, թե Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հնարավոր լինի բացառել անցած ընտրությունների ժամանակ դրսեւորված երեւույթները»,- ասաց Ռուստամյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՅԴ նախապատրաստվում է ընտրողների հետ մարզային հանդիպումներ: «Տեղի կառույցներին ընտրողների հետ աշխատելու հրահանգը տրված է, հիմնական խնդիրները ճշտված են։ Այնպես որ, ՀՅԴ մարզային կառուցները զբաղված են հանրահավաքներ կամ լայն հանդիպման միջոցառումեր նախապատրաստելու աշխատանքներով»,- ասաց նա։
Ռուստամյանի խոսքով, կոալիցիոն ուժերի այն հայտարարությունները, թե իրենք ունեն ձայների 80 տոկոսը, իսկ մնացած 20-ն իր մեջ պետք է բաշխի ընդդիմությունը, «արհամարհանք է ժողովրդի հանդեպ»։ «Դա նշանակում է, որ եթե նախապես որոշվել է, թե ով որքան ձայն է ստանալու, ուրեմն ժողովրդին, ընտրությունների ընթացքում, որպես գործոն, բացառում են»,- նկատեց ՀՅԴ գործիչը՝ նշելով, որ իրենց հիմնական նպատակը նոր որակի իշխանություններ ձեւավորելու ճանապարհով իշխանափոխություն իրականացնելն է։
Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ ընտրությունների հանդեպ ժողովրդի ունեցած վստահությունը երեւում է նաեւ հետընտրական տրամադրություններից։ «Ընդվզումներն ու բողոքներն ընտրական գործընթացների մաս են կազմում»,- համոզմունք հայտնեց նա։
Ամփոփելով՝ ՀՅԴ գործիչը նկատեց, որ սեփական ուժերի եւ որոշակի տոկոսով ձայներ հավաքելու մասին հայտարարություններ անելուց առաջ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն քաղաքացիների շրջանում իրենց ունեցած իրական հեղինակությունը։




























