Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վստահ է, որ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ըստ նախարարի՝ նույնն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում: «Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ ընդունում է ողջ աշխարհը»,- հայտարարել է նա՝ սեպտեմբերի 2-ին կայացած ասուլիսում:
Նալբանդյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան այլ կերպ է ընկալում խնդիրը, դա ոչինչ չի նշանակում: Նա նաեւ սխալ է համարել կարծիքը, թե Թուրքիայի հետ համաձայնեցված արձանագրությունները հիշատակում են պարունակում ղարաբաղյան հարցի մասին: «Ղարաբաղի հարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, եւ Հայաստանը չի կարող ընդունել Թուրքիայի միջնորդական ծառայությունները»,- ասել է նախարարը եւ հավելել, որ արձանագրություններում հստակ նշված է ամեն ինչ, ժամկետները, եւ ողջ աշխարհը սպասում է, որ կողմերը կհարգեն պայմանավորվածությունները: «Կհարգի՞ արդյոք Թուրքիան այդ պայմանավորվածությունները: Կտեսնենք»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ՝ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են։




























