Հայաստանում հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետ օգտագործողների թիվը ավելացել է ավելի քան 2 անգամ։ Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։ Նրա խոսքով՝ հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում  լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը կազմում էր 71-72 հազար, իսկ dial-up օգտագործողների թիվը 47-50 հազար, այսինքն՝ ընդհանուր մոտ 120- 125 հազար, իսկ արդեն հոկտեմբերի 1-ին Հայաստանում ինտերնետ օգտագործողների ընդհանուր թիվը գերազանցում է 160 հազարը։

Ինչ  վերաբերում է ինտերնետ թրաֆիկին, ապա Ս. Արաբաջյանի խոսքով՝ հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում նկատվել է 2,2- 2,3 անգամ ինտերնետ թրաֆիկի ընդհանուր ծավալի աճ։

«Եթե հունվարի 1-ին Հայաստանի արտաքին թրաֆիկը կազմում էր 3670 մեգաբիթ/վայրկյանում, ապա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին թրաֆիկը կազմում է 7833 մեգաբիթ/վայրկյանում»,-ասաց Ս. Արաբաջյանը՝ հավելելով, որ 2008 թ. այդ թիվը կազմում էր ընդամենը 1085 մեգաբիթ/ վայրկյանում։

Ինչ վերաբերում է ինտերնետի սակագներին, ապա Ս. Արաբաջյանի խոսքով՝   թրաֆիկի աճը կբերի նաեւ սակագների նվազման, իսկ դրական տեղաշարժերը այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի են։