Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից Անկախության 19 տարիների ընթացքում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բեւեռվածության եւ գործազրկության աճից եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել են շուրջ մեկ եւ կես միլիոն բնակիչ: Այս մասին ասվում է «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է արտագաղթի եւ ժողովրդագրական խնդիրներին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Եթե մինչեւ 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաեւ Արցախյան պատերազմով, շրջափակումով եւ միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում էր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա եւ այդժամ, եւ դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:
Արտագաղթի հիմնական պատճառներից են.
սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները եւ հետագա դադարեցումը, տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,
սոցիալական ոլորտի եւ հասարակական հարաբերությունների թերագնահատումը, կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը, ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների եւ պաշտպանվածության ոտնահարումը, ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր եւ միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը, քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը, բարոյական արժեհամակարգի խեղումը եւ վերացումը,
իշխող ռեժիմների կողմից ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, եւ վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը եւ իրավական անպաշտպանվածությունը։
Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանին եւ Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի:
Աննախադեպ է Ռուսաստանի կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:
Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա եւ ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգեւ են:
Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետեւանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:
ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաեւ հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաեւ Հայաստանի այլ շրջաններում:
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:
Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ եւ կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն եւ կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով եւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:
Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։
Մեր հայրենակիցներին հորդորում եւ հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված եւ կասկած չունենք, որ համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք եւ նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը եւ վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը եւ կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը»:




























