Կիբեռպաշտպանվածության տեսանկյունից մեր երկրում ամենաբարվոք վիճակը բանկային  սեկտորի մոտ է: Այս մասին նոյեմբերի 29–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Նրա խոսքով դրա պատճառը Կենտրոնական բանկի կողմից ստանդարտների կիրառումն է, որին ենթարկվում են բոլոր բանկերը:

«Երկրի կիբեռտարածքի հուսալի պաշտպանվածությունը պետք է իրականացվի ապակենտրոնացված կառույցների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կապահովի իր ոլորտի անվտանգությունը: Իհարկե, անհրաժեշտ է նաեւ դրանք համակարգող վերահսկող մարմին: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք աշխատում են Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտը բարելավելու վրա: Հուսանք, որ առաջիկայում կձեւավորվի  մոտեցում եւ կառույց, որ կհամակարգի ոլորտը»,- ասել է Գրիգոր Սաղյանը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահի կարծիքով կիբեռհարձակումներից պաշտպանվելու կարեւոր կետերից է ընդհանուր տեղեկատվական գրագիտությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընկերություններում պարբերաբար անցկացվող տեղեկացվածությանը ուղղված միջոցառումները 80%-ով նվազեցնում են խոցելիությունը:

«Ըստ Կասպերսկու լաբորոտորիայի ամեն օր 319 000 նոր վիրուս է ի հայտ գալիս, որոնք տարբեր կարգավորումների միջոցով կարելի է ձեւափոխել՝ ստանալով անհրաժեշտ պրոդուկտ: Ժամանակակից վիրուսները կարելի է ձեռք բերել ինտերնետում եւ օգտագործել շատ հեշտությամբ, իսկ դրանց կենսունակությունը պայմանավորված է այսպես կոչված սոցիալական ինժեներիայի հիմունքներով. օգտագործելով մարդկային գործոնը՝ հաքերը հեշտությամբ ստանում է համակարգին հասանելիություն: Օրինակ, ցանկանալով գողանալ տեղեկատվություն տվյալ հիմնարկից՝ հաքերների խումբը մի քանի տասնյակ թանկարժեք ֆլեշ քարտ է լցրել այդ ընկերության ավտոկայանատեղիում, իսկ ընկերության աշխատակիցները դրանք վերցնելով, օգտագործել են իրենց աշխատանքային համակարգիչների վրա՝ վարակելով ընկերության ցանցը: Ինչպես տեսնում ենք, տեղեկատվական գրագիտությունն ու տեղեկացվածությունը խնդիրներից խուսափելու համար կարեւոր դեր ունեն»,- եզրափակել է Գրգոր Սաղյանը: