Թուրքիան Եվրամիության նկատմամբ հետաքրքրությունը չի կորցրել եւ այդ հարցում հույսեր է կապում Գերմանիայի աջակցության հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ Գերմանիայում այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը։

«Թուրքիան չի կորցրել հետաքրքրությունը Եվրամիությանն անդամակցելու նկատմամբ։ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու խնդիրը այն հազվադեպ թեմաներից է, որոնց վերաբերյալ թե՛ կառավարող քաղաքական կողմը, թե՛ ընդդիմությունը նույն կարծիքին են։ Մենք աշխատում ենք այդ հարցերի լուծման ուղղությամբ», հայտարարել է Դավուդօղլուն։

Նա ասել է, թե Թուրքիայի համար ԵՄ անդամությանը այլընտրանք չկա եւ ավելացրել, որ այդ հարցում Անկարան հույսը կապում է Գերմանիայի աջակցության հետ։ Դավուդօղլուն հիշեցրել է նաեւ, որ Թուրքիան կարեւորագույն էներգետիկ միջանցք է Եվրոպայի համար։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Շտայնմայերը եւ Դավուդօղլուն տեղեկացրել են, որ իրենք հանգամանորեն քննարկել են նաեւ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրադրությունը, մասնավորաբար Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Գերմանիայի կառավարությանը շնորհակալություն հայտնելով խնդրի կարգավորմանն ուղված ջանքերի համար` Դավուդօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եւ Գերմանիան կշարունակեն քայլերը հակամարտության կարգավորման ուղղությամբ։