Հայ վրացական սահմանին Դեբեդ գետի վրա կամրջի շինարարության համար մրցույթ է հայտարարվել: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Եվրոպայի եւ հարավկովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց ճանապարհաշինական ոլորտում բանկի հետ արդյունավետ համագործակցության համար: Նա հույս հայտնեց, որ այդ գործակցությունը կլինի շարունակական, որտեղ կընդգրկվեն նաեւ տրանսպորտի ու ՏՏ ոլորտները:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Կողմերը անդրադարձան նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասների: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախագծման եւ շինարարության իրականացման մրցույթն արդեն հայտարարված է, ներկայում հայտատուների գնահատման փուլն է: Շինարարական աշխատանքների պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017 թ. առաջին եռամսյակում:

Քննարկվեցին նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հնարավորությունները:

Նախարարը հույս հայտնեց, որ միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում եւս ՎԶԵԲ-ն իր ներդրումը կունենա:

Կողմերը քննարկեցին  նաեւ հետագա անելիքները ՏՏ ոլորտում հնարավոր գործակցության շուրջ: Նախարարը կարեւորեց ՎԶԵԲ-ի միջնորդությամբ ՏՀՏ մասնավոր ընկերությունների եւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ կապեր ստեղծելու անհրաժեշտությունը: