Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, այսօր` հոկտեմբերի 27-ին կայանալիք հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պարտադիր պետք է բարձրացնի հանդիպման նախօրեին ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինվորի հարցը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նման ցինիկ կեցվածքը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը։
Նրա խոսքով, Հայաստանի նախագահը կարող է անգամ ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել՝ գնալով անգամ հանդիպումը բոյկոտելու քայլին։
«Սա շատ լուրջ իրադարձություն է, եւ դա անարձագանք չի կարելի թողնել»,- ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով եռակողմ հանդիպման բուն թեմային՝ ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին բավականին ձեռնտու է գտնվել Աստրախանում, հաշվի առնելով, որ հենց այսօր` եռակողմ հանդիպման օրն այդ քաղաքում բացվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը։
«Հայկական կողմի շահերի մասին այս պահին դժվարանում եմ խոսել, բայց հուսով եմ, որ հետամուտ կլինեն մեր դիրքորոշումների արտահայտմանը եւ Սերժ Սարգսյանը կհայտնի մեր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության վերաբերյալ, առաջ կքաշի մեր օրակարգում եղած խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու, ինքնորոշման, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունների հասցեին արված հեղինակազրկող ձեւակերպման հարցերը»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ կողմերի միջեւ որեւէ փաստաթուղթ ստորագրվի կամ որեւէ հայտարարություն արվի, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւէ փաստաթուղթ ներկայացվի, կամ որ դա կարող է էական ազդեցություն ունենալ։ Որեւէ փաստաթուղթ չեմ ակնկալում»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։
Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։




























