Թեեւ հայտարարվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, սակայն նախաստորագրված արձանագրությունների ողջ փաթեթը կառուցվել է հենց թուրքական նախապայմանների հիման վրա: Այսօր ՀՅԴ կողմից հրավիրված հանրահավաքում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ արձանագրություններում դրույթներից մեկով կողմերը ճանաչել են փոխադարձ սահմանները, ինչը թուրքական նախապայմաններից մեկն էր: Այսինքն, ըստ նրա, Հայաստանը ճանաչում է այն սահմանները, որոնք երբեք առաջ չի ճանաչել, եւ որոնք հաստատվել են ռուս-թուրքական Կարսի պայմանագրով:

Բացի այդ, արձանագրությունում կետ կա, որտեղ կողմերը դատապարտում են ահաբեկչությունը եւ խոստանում համագործակցել այդ հարցում, որը որեւէ կերպ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Ուրեմն ո՞ւմ մասին է»,- հարց է տալիս Վահան Հովհաննիսյանն ու ինքն էլ պատասխանում, որ խոսքը հայ ֆիդայիների մասին է, ինչպես նաեւ այն հերոսների, որոնք ազատագրեցին Արցախը: Իսկ ահա Ցեղասպանությունից հրաժարվելու Թուրքիայի նախապայմանը, դաշնակցական գործչի ներկայացմամբ, իր կիրառությունն է գտել հայ-թուրքական պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու ձեւով: «Այդ հանձնաժողովը ցեասպանության հարցը վերածում է ակադեմիական հարցի: Սա խայտառակություն է եւ կապիտուլիացիա»,- ընդգծեց նա ու հավելեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընթացը զուգորդվելու է Ղարաբաղի խնդրում զիջումներ կորզելով, որովհետեւ «չի եղել մի օր, որ թուրք պաշտոնյաները չխոսեն այն մասին, որ սահմանի բացումը կապված է ԼՂ խնդրում առաջընթացի հետ»: «Ուրեմն կամ պոկելու են այդ զիջումները, կամ սահմանը չեն բացելու»,- ասաց նա: