Արբանյակների գործարկումը ջրային ոլորտում բեկումնային քայլ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Անյա Ռադեսկայայի հետ հանդիպման ժամանակ նշել է ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

«Եվրոպական տիեզերական գործակալությունը տարիներ առաջ նախաձեռնեց մի հավակնոտ գաղափար՝ ստեղծել այնպիսի գործիք, որով հնարավոր կլինի աջակցել տնտեսությանը եւ մասնավորապես գյուղատնտեսության ոլորտին: Եվ քանի որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործառույթները մեծապես խաչվում են նաեւ գյուղատնտեսության ոլորտի հետ, կարծում ենք, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ կլինի»,- նշել է Անյա Ռադեսկայան:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ըստ ԵՏԳ ներկայացուցչի, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կկատարվի ոլորտի կարիքների գրանցում, ինչպես նաեւ՝ կհավաքագրվեն անհրաժեշտ տեղեկությունները՝ համակարգի նախնական ծրագրավորման համար, ինչից հետո հնարավոր կլինի հստակ նշել ջրային հոսքերի հաշվառում կատարող եւ տարածաշրջանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում եւ վերլուծություն իրականացնող տիեզերական արբանյակի գործարկման ժամկետները:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տիեզերական արբանյակի գործարկումը ջրային ոլորտի խնդիրների դուրսբերման եւ լուծման գործում կարելի է բեկումնային անվանել:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական տիեզերական գործակալությանը եւ Համաշխարհային բանկին նման մեծ նվերի համար: Վստահ եմ, որ այս արբանյակի գործարկումը դրական ազդեցություն կունենա մեր հիմնական ռեսուրսի՝ ջրի հոսքերը վերահսկելու եւ դրա  ծախսն առավել արդյունավետ եւ չափելի դարձնելու գործում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ արբանյակների գործարկման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ, Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: ՀԲ գյուղատնտեսության ավագ մասնագետ, ծրագրի իրականացման թիմի համաղեկավար Արուսյակ Ալավերդյանը տեղեկացրել էր, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակների միջոցով կեսդարյա ժամանակային կտրվածքով, ինչպես նաեւ՝ ընթացիկ ժամանակում ջրային հոսքերին հետեւելու լավ փորձ ունի: Այս ծառայությունից օգտվում են աշխարհի շատ երկրներ: Այս տարի, ՀԲ հայաստանյան ծրագրերի իրականացման թիմի ջանքերով, Հայաստանը եւս ընդգրկվել է այն երկրների շարքում, որոնք կարող են օգտվել Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակներից՝ անվճար հիմունքներով: