Ոստիկանությունում կոնկրետ անձանց ծեծի ու ոշտանգումների փաստով Հայաստանի ոստիկանապետին է դիմել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Դիմումում մասնավորապես, ասվում է.
«Հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը եւ քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը եւ Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների եւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը եւ առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի եւ Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել եւ լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից:
Նշենք նաեւ, որ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի եւ Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որեւէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին եւ Հակոբ Գալստյանին, ապա ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել հոկտեմբերի 26-ին, ժամը 00.15-ին եւ ազատ են արձակվել հոկտեմբերի 26-ին ժամը 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` հոկտեմբերի 26-ին ժամը 16-ից 18-ի սահմաններում նրանք դեռ ոստիկանության բաժնում էին:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում եմ հանձնարարել ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը, եւ այդպիսիք իրականությանը համապատասխանելու դեպքում, ձեռնարկել միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:





























