Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդես է եկել գրեթե սենսացիոն հայտարարությամբ։ Եթե հավատանք նրա խոսքերին, անխափան կապը, որը պետք է ապահովվի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, ինչը նաեւ նախատեսված է մադրիդյան փաստաթղթով, կարող է ներկայանա ամենեւին էլ ոչ ցամաքային ճանապարհի տեսքով, առավել եւս՝ երկու հանրապետությունների միջեւ գործող սահմանի տեսքով։
Լրագրողի հարց նախարարին. «Սերժ Սարգսյանի նախընտրկան ծրագրում հստակ նշված է, որ Ղարաբաղը Հայաստանի հետ պետք ունենա սահման։ Ձեր երեկվա ելույթում դուք խոսեցիք միջանցքի մասին։ Ինչ որ բան փոխվե՞լ է։ Եթե այո, ապա ինչո՞ւ Հայաստանի հանրությունը չգիտե»։
Նախարարի պատասխանը. «Հստակորեն ասվել է, որ պետք է լինի անխափան կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ կապը, այսինքն՝ կոչեք դա միջանցք…, բայց երբեւէ մի պատկերացրեք, որ դա ինչ-որ այսպես ճանապարհ է։ Այդպես չէ։ Կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ»։
Լրագրողի հարց. «Գիտեք՝ սահմանը եւ կապը տարբեր բաներ են։ Հստակեցրեք՝ միջա՞նցք է, թե՞ սահման»։
Նախարարի պատասխանը. «Երբ որ պայմանավորվածությունները ձեռք բերվեն եւ հնարավոր լինի հրապարակել պայմանավորվածությունների արդյունքները այդ հարցի շուրջ, այն ժամանակ հնարավոր կլինի ձեզ տալ ավելի շատ մանրամասներ։ Բայց այսօր ես ասում եմ՝ խոսքը գնում է անխափան կապի մասին, այլ ոչ թե ինչ-որ ճանապարհ՝ բուն իմաստով։ Հասկանու՞մ եք, այսինք՝ ճանապարհի մասին չէ, այլ խափան-անխափան կապի մասին՝ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ»։




























