Հայաստանի հանրային ռադիոյի եթերային տարածքի կրճատումը վերջին տասնամյակի ընթացքում կառույցի ղեկավարության քաղաքականության արդյունք է։ Հատկանշական է, որ այդ ամենը քողարկվում է մոդեռնիզացիայի, եւ եթերի միջազգային ստանդարտների համապատասխանեցման «դրական» նպատակների ներքո։  Միայն թե, Հայաստանում «մոդեռնիզացիայից» եւ բարեփոխումներից հետո գործնականում կայացած կառույցն արդյունքում քայքայվում է, կամ լավագույն դեպքում ստեղծվում է նորը, բայց նախկինի համեմատ անորակը։

Այնպիսի տպավորություն է, որ Պետական հեռուստառադիոընկերության եւ Ազգային հեռուստեսության վերացումից հետո, պետական բյուջեից ֆինանսավորվող եւ ռազմավարական կարեւորության պետական նշանակություն ստացած Հանրային հեռուստատեսության խորհուրդը եւ Հանրային ռադիոյի ղեկավարությունը կա՜մ չեն հասկանում, կա՜մ այնպիսի դիրք են բռնել, որ չեն հասկանում այդ կառույցի գործառույթների նշանակությունը։    

Այսօր արդեն կարելի է մանրամասն վերլուծել, թե ինչպես 2003 թվականից սկսած (հենց այդ ժամանակից սկսվեցին  բարեփոխումները հանրային ռադիոյում) նպատակաուղղված կազմալուծվում էին խմբագրությունները, որտեղ հիմնականում աշխատում էին Հայաստանի լավագույն լրագրողները։   

Օրինակ՝ աստիճանաբար նվազեցվեց, ապա ընդհանրապես դադարեցվեց «Դասական ալիքի» եւ ռադիոլսողների հսկայական լսարան ունեցող «Ստերեո ստուդիայի» հեռարձակումը։  Եթերում ճանաչված դերասանների մասնակցությամբ գրական-գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող «Բյուրակն» հանդեսին փոխարինեց «Վերնատուն»-ը, որի եթերում թատերագետները անվերջ «ջուր են ծեծում»: «Ռադիոլուրի» եթերում, բացի մի քանի լրագրողներից, մնացածից կարելի է լսել Հայաստանի գրեթե բոլոր բարբառներն ու բարբառային արտահայտությունները, միայն թե ոչ այս պետության պետական լեզու հանդիսացող գրական հայերենն` իր իսկական շեշտադրությամբ:

Հանրային ռադիոյի ղեկավարության վերջին որոշումը, ըստ որի, Հանրային ռադիոն դառնում է հասարակ FM ռադիոկայան, որոնցից միայն Երեւանում մի տասը հատ կա, ստիպում է առանձնակի ուշադրություն դարձնել հենց այս հարցի վրա։        

Հանրահայտ ռեֆորմների սկզբում, շատ արագ որոշում կայացվեց հրաժարվել 234 կՀՑ (1282 Մ) երկար ալիքների հաճախականությունից: Պատճառաբանեցին, թե իբր, աշխարհում սկսել են հրաժարվել երկար ալիքներից, նույնիսկ նշեցին, որ արդեն չինական արտադրության ռադիոընդունիչներում չկա մետրային հաճախականություն։ Բայց այն, որ բարձր լեռնային ռելիեֆ ունեցող Հայաստանում երկար հաճախականությունը ալիքի լավ որակ է ապահովում, եւ հասնում է միչեւ հայկական մեծ համայնք ունեցող Վրաստանի մայրաքաղաք, դա ոչ մեկի չհուզեց։ 

Հաջորդ հարվածը հասցվեց արտասահմանյան հեռարձակմանը։ 21-րդ դարում Հայաստանի հանրային ռադիոյով օտար լեզվով լուրերը լավագույն դեպքում մեկ օր ուշացումով են հեռարձակվում։ Հայաստանից դուրս ռուսերեն լեզվով եթերի հեռարձակումը դեռ 10 տարի առաջ էր դադարեցվել։ Ի դեպ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ նման որոշում է ընդունել։ Բազմամիլիոնանոց Սփյուռքի համար նախատեսված «Հայաստան-Սփյուռք» հաղորդումը փոխարինվեց 20 րեպեանոց «Կամուրջով», որը եթեր է հեռարձակվում առանց լրատվական բլոկի։ Հաղորդումը աստիճանաբար կորցրեց հետաքրքությունը, իսկ օրեր առաջ 9960 կՀՑ (31 Մ) ալիքով նրա հեռարձակման դադարեցումն ի սպառ զրկեց հաղորդումը գոյություն ունենալու իմաստից։  Դժվար է պատկերացնել, որ հաղորդման մշտական ունկնդիր՝ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ապրող տարեց սփյուռքահայը կմտնի ինտերնետ, որպեսզի լուրեր լսի պատմական հայրենիքի մասին։ Ի դեպ, խորհրդային տարիներին, երբ Հայաստանը անկախ չէր, հայերեն լեզվով հաղորդումները Սփյուռքի համար հեռարձակվում էին մի քանի հաճախականությամբ՝ ամենաքիչը կես ժամ տեւողությամբ:

«Հայաստանի ձայն» հաղորդման խմբագրության Լատինական Ամերիկայի եւ Եվրոպական երկրների բաժինը իսկական «ավերածության» ենթարկվեց։ 2006 թվականի աշնանը Հանրային ռադիոն դադարեց հեռարձակել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն հաղորդումները   9960 կՀՑ (31 Մ) եւ 4810 կՀՑ (62Մ) հաճախականությամբ: Դրանց փոխարեն Հանրային ռադիոյի կայքում www.armradio.am,  սկսեցին թվային տարբերակով բեռնել հաղորդումները, սակայն կայքը մեծ հաճախություն չունի։

NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը նշել է, որ ռադիոն շարունակում է 14 օտար լեզուներով հեռարձակումը, բայց այս դեպքում խոսքը ինտերնետում ձայնային հեռարձակման մասին է, եւ քիչ թե շատ հասկացող մարդու համար պարզ է, որ ինտերնետային հեռարձակումն ու ռադիոհեռարձակումը տարբեր բաներ են։ Պետք է ասել, որ սեփական հաղորդումները կրճատող եւ ինտերնետային հեռարձակման ձգտող ռադիոընկերությունը պարտադիր չէ, որ պետական բյուջեից ֆինանսավորվի։ Եթե ռադիոն ավելացնում է ներկայությունը ինտերնետում, ապա դա չպետք է արվի ռադիոհեռարձակման հաշվին։ Ոչ մի զարգացած երկրում նման նախադեպ չկա, օրինակ՝ Սլովակիայում ազգային ռադիոյի նման նախաձեռնությունը դարձավ պառլամենտում թեժ քննարկումների առարկա, ինչի արդյունքում ռադիոյի ղեկավարությունը հրաժարական տվեց։ 

«Ավերածություններից» անմասն չմնաց նաեւ Մերձավոր եւ Միջին Ասիաների հեռարձակումը։ Արդեն մի քանի տարի է, որ Հայաստանի հանրային ռադիոն չի հեռարձակում հաղորդումներ պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, քրդերեն լեզուներով 864 կՀՑкГЦ (347 Մ)երկար եւ MW (СВ) միջին ալիքներով։ Այս տիրույթներում հեռարձակումը ապահովում էր որակյալ լսելիություն հարեւան երկրների տարածքում։ Այժմ վրացերենի բաժինը միայն ինտերնետում է հեռարձակվում, իսկ ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն եւ քրդերեն հաղորդումները հեռարձակվում են 4810 կՀՑ (62 Մ) կարճ ալիքների տիրույթում, ինչի արդյունքում հարեւան երկրների ռադիոլսողների լսարանը միանգամից կրճատվել է։        

Հանրային ռադիոհեռարձակմանը հասցված վերջին հարվածը օրերս էր։ Մի քանի օր առաջ դադարեցվել  է Հանրային ռադիոյի Առաջին ալիքի հեռարձակումը  1395 կՀՑ (215 Մ) միջին ալիքների տիրույթում, որը միշտ հեռարձակվում էր առավոտյան 06.00-ից մինչեւ կեսգիշեր։               

Հանրայինի ղեկավարության պատճառաբանությունը ապշեցուցիչ է։ Պարզվում է, որ հաղորդակը հին էր, եւ վաղուց արդեն չէր ծածկում Հայաստանի ողջ տարածքը` հեռարձակմամբ։ Այս պատճառաբանությունը, ամենաքիչը տարօրինակ է, քանի որ այս տարվա ամռանը, երեկոյան ժամերին, երբ միջին ռադիոալիքի հզորությունն ավելանում է, «Խոսում է Երեւանը» հաղորդումը հրաշալի լսելիություն էր ապահովում Բաթումիում, Քոբուլեթիում եւ Վրաստանի այլ ծովափնյա քաղաքներում, իսկ Թբիլիսիի մասին արդեն խոսք լինել չի կարող։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ հարեւան երկրի գրեթե ողջ տարածքում միջին ալիքով հաղորդակը հեռարձակում է ապահովել, իսկ Հայաստանում՝ ոչ։ Ըստ երեւույթին այս հարցի պատասխանը հայտնի է միայն Հայաստանի Հանրային ռադիոյի ղեկավարությանը։  

Նշենք, որ Հանրային ռադիոյի Առաջին ալիքի 1395 կՀՑ (215 Մ) միջին ալիքների տիրույթում հեռարձակումը ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ, ինչ որ կերպ հակակշիռ էր հանդիսանում Բաքվից հնչող հակահայկական քարոզչությանը։ Բանն այն է, որ «Говорит Ереван» ռուսերեն  լեզվով միակ հաղորդումը, որն, ի դեպ 45 րոպեից կրճատել էին մինչեւ 15-ի, սկսվեց վերջապես հեռարձակվել ժամը 21.00-ին եւ հեռարձակում էր ապահովում նաեւ Բաքվում։ Բայց ինչ արած, բարեփոխումների «երկսայր սուրը գլխատեց եթերը» , եւ արդյունքում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող երկրի համար ռազմավարական նշանակության այս հեռարձակումը վերացավ։ 

Այս ամենը կարելի էր նաեւ չգրել, քանի որ Հայաստանում 8 տարի է պարբերաբար կրճատում են եթերի սփռման տարածքը։ Եթե ոչ մի պաշտոնյա այս 8 տարիներին չի նկատել այս ամենը, ուրեմն «իսկականից գործներս վատ է», բայց ամեն դեպքում «հույսը վերջում է մահանում»: Հնարավոր է, այս հոդվածը կարդալով, ի վերջո, երկրի բարձրագույն իշխանություններն ուշադրություն դարձնեն այս օրհասական իրավիճակի վրա:

 

Արամ Ներսիսյան