Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հաստատել է NEWS.am-ի տեղեկությունը, թե խորհրդարանական մեծամասնությունը կա՜մ չի մասնակցի Լեռնային Ղարաբաղի անկախության մասին օրինագծի քվեարկությանը, կա՜մ ձեռնպահ կքվեարկի:
Սահակյանի խոսքով, գլխավորն այն է, որ փաստաթուղթը չանցնի, իսկ դրա համար տարբեր տեխնոլոգիաներ կան: «Օրինագծին կողմ չքվեարկելը մեծ պատասխանատվություն է, բայց մեծամասնությունը պատրաստ է այն վերցնել իր վրա»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Այսինքն, ստեղծված իրավիճակում կոալիցիան որոշել է կողմ չքվեարկել, բայց դա չի նշանակում, որ դեմ է քվեարկում:
Սահակյանը նաեւ ընդգծել է, որ դեռ Հայաստանի Գերագույն Խորհուրդն է որոշում կայացրել, որ Լեռնային ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց դա որեւէ կերպ չի ազդել խնդրի լուծման վրա: «Այնպես որ օրինագծի ընդունումը նույնպես կարող է արդյունք չտալ»,- նկատել է Սահակյանը եւ հավելել, որ իրավիճակից կարող են օգտվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի թշնամիները:



























