Միջին ալիքների հաղորդիչ կայանը պատկանում է ոչ թե Հայաստանի Հանրային ռադիոյին, այլ Կապի եւ տրանսպորտի նախարարության ձեռնարկություններից մեկին՝ «Ռադիո» ՓԲԸ-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում պարզաբանեց Հանրային  ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի՝ 1395 կՀց հաճախությամբ միջին ալիքով չհեռարձակվելու փաստը։

Նրա խոսքով, այն հաղորդակը, որի աշխատանքներն արդեն իսկ դադարեցվել են, կեսդարյա եւ նույնիսկ մի քիչ ավելի պատմություն ունի։ «Եթե ազնիվ լինենք, պետք է ասենք, որ այդ հաղորդակը վաղուց Հայաստանի տարածքը չէր ծածկում։ Այն ֆիզիկապես պարզապես մաշվել էր, բազմաթիվ խնդիրներ ուներ եւ հզորությունն էլ բավարար չէր։ Դրանով աշխատել այլեւս անհնար էր։ Սակայն սա վերաբերում է ոչ թե արտասահման, այլ Հայաստանի հանրապետության տարածքում իրականացվող հեռարձակմանը։ Քանի որ հանրապետության ողջ տարածքում Հանրային ռադիոն ունի 85-ից ավելի FM հաղորդակներ, եւ չկա մի բնակավայր, որտեղ մենք լսելի չլինենք, մենք համաձայնեցինք դրան՝ առավել եւս, որ այլընտրանք չունեինք, քանի որ ուրիշ միջին ալիք Հայաստանում չկա։ Ինչ վերաբերում է արտասահմանի հաղորդումներին, այդ մասով ոչինչ չի փոխվել։ Դրանք հեռարձակվելու են նույն ռեժիմով, նույն՝ 14 լեզուներով։ Որեւէ բան չի փոխվել։ Իսկ Հայաստանի տարածքում մենք այժմ աշխատում ենք FM ցանցով։ Աշխատում ենք նաեւ online տարբերակով, այնպես որ մենք հասանելի ենք թե Հայաստանում, եւ թե արտասահմանում»,- նշեց Ամիրյանը։

«Ռադիո» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Հուսիկ Անտոնյանն էլ իր հերթին նկատեց, որ Հանրային ռադիոյի պատվերով վերոնշյալ հաղորդակով իրենք Հայաստանի տարածքում հաղորդումներ սփռել են մեր երկրում ռադիոյի հիմնադրման առաջին  իսկ օրից։ «Մենք ունենք տեխնիկական միջոցներ, իսկ Հանրայինն էլ մեզ հաղորդումների հեռարձակում է պատվիրում։ Միջին ալիքի հաղորդակի աշխատանքները դադարեցվել են այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Այդ հողորդակն իր ռեսուրսն սպառել էր. այն 1949 թվականի սարքավորում էր։ Ինչ վերաբերում է այդ հաղորդակը մեկ ուրիշով փոխարինելուն, ապա դա ժամանակավրեպ կլիներ, քանի որ ներկայումս հաղորդումներն իրականացվում են FM ցանցով, թվային սարքավորումներով»,- ամփոփեց «Ռադիո» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը։

Ավելացնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի այն հավաստիացումները, որ Հայաստանը, բացի 1395 կՀց-ից, չունի միջին ալիքի այլ հաճախություն, որոշակիորեն տարօրինակ են, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ ընկերությունը Մերձավոր եւ Միջին երկրների համար հեռարձակվող հաղորդումների համար օգտագործում էր նաեւ 864 կՀց հաճախությունը։ Դրա օգտագործումը դադարեցնելը ոչ մի կերպ չէր հիմնավորվել։