Վրաստանի պատրիարք Իլյա II-ը, հայտնել է Ռուսաստանի հետ համերաշխ ապրելու վրաց ժողովրդի ցանկության մասին։ Ինչպես նշել է վրացական ուղղափառ եկեղեցու գլուխը՝ ռուս-վրացական հանրային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որպեսզի հասնել նման արդյունքի, պետք է իմաստություն ցուցաբերել։ «Ես ուրախ եմ, որ ռուսական պատվիրակության գոնե մի մասին թույլ են տվել մուտք գործել Վրաստան։ Մեր հյուրը տեղեկացավ, որ Վրաստանը ցանկանում է խաղաղություն Ռուսաստանի հետ եւ ամեն ինչ կանի դրա համար, սակայն այդ բանի համար իմաստություն ու աշխատանք է անհրաժեշտ»,-ասել է Իլյա II-ը։

Նախօրեին NEWS.am-ը հաղորդել էր հանրային հանձնաժողովի անդամների Վրաստան այցի ընթացքում տեղի ունեցած դեպքի մասին, վրացական իշխանությունները չեն թույլատրել ռուսաստանյան պատվիրակության 2 անդամների անցնել Վրաստանի սահմանը, դրանք էին՝ 1 հեռուստաալիքի հաղորդավար, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Մաքսիմ Շեւչենկոն եւ «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը։ Այսպիսով Իլյա II-ը իր բարի ցանկությունները փոխանցել է ռուսաստանյան 3 ներկայացուցիչներից միայն մեկին՝ ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների ՌԻԱ Նովոստի խմբագրության ղեկավար Ալան Ղասաեւին։ Վերջինս իր հերթին խոստացել է, որ կփոխանցի պատրիարքի իմաստուն խոսքերը ռուս ժողովրդին։

Մինչդեռ Իլյա II-ի իմաստուն խոսքերը չլսած՝ Շեւչենկոն եւ Մամոնտովը նախօրեին մեկնել են Երեւան, որտեղից էլ վերադարձել են Մոսկվա։ Ավելի ուշ Պատրիարքը վրաց լրագրողներին հայտնել է, որ ռուսաստանցի լրագրողի հետ հանդիպումը շատ կարեւոր էր։ Նա մեծ ուրախություն է հայտնել, որ իր հետ հանդիպել է Ալան Ղասաեւը՝ Ռուսաստանից, որը ազգությամբ օս է ու, ինչպես եւ ինքը, ծնվել է Վլադիկավկազում։