Բրիտանացի եւ ֆրանսիացի գիտնականները կապ են գտել կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներին հարելու եւ կրծքով կերակրելու ինտենսիվության միջեւ, հայտնում է BMJ Global Health–ը։
Փորձագետները պարզել են, որ գերազանցապես կաթոլիկ բնակչությամբ արեւմտյան երկրներում կանայք ավելի քիչ են կրծքով կերակրում, քան այլ պետություններում, որտեղ գերիշխող դավանանքը բողոքականությունն է։
Գիտնականների բացահայտած օրինաչափությունը բնորոշ է անգամ նույն երկրի սահմաններում, սակայն դրա տարբեր մարզերում ապրող կաթոլիկների եւ բողոքականների համար։
Գիտնականներն ուսումնասիրել են 135 երկրներում կրծքով կերակրելու մասին հանրամատչելի տվյալները։ Պարզվում է, որ կաթոլիկների ամենամեծ տոկոսը Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում է՝ բնակչության 68 տոկոս։ Բողոքականները մեծամասամբ բնակվում են Սահարայից հարավ՝ 32 տոկոս։ Հետազոտությունը նաեւ հաշվի է առել այլ գործոններ՝ բնակչության խտություն, մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս, ՀՆԱ, կրթության եւ եկամուտների մակարդակ։
Այդուհանդերձ մասնագետները չեն պարզել պատճառները, թե ինչու են բողոքականներն ավելի հաճախ կրծքով կերակրում իրենց երեխաներին, քան կաթոլիկները։





























