Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպման կայացումը խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքվի հոխորտանքները փուչիկ էին եւ  ի չիք դարձան Ղարաբաղյան խնդրի լուծման մասին ռազմատենչ հայտարարությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, պատգամավոր Էդվարդ Շարմազանովը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ին  կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին:

«Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հստակ նշեց, որ հնարավոր է դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ  գագաթաժողովի շրջանակներում կողմերը կարողանան հիմնական սկզբունքների շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Դա խոսում է նրա մասին, որ ի չիք են դառնում Բաքվի այն բոլոր հայտարարությունները, որ խնդիրը կարող է լուծվել ռազմական ճանապարհով: ՌԴ նախագահը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում և դա ճնշում էր Բաքվի վրա»,- նշեց Շարմազանովը:

Ըստ նրա, եթե նախկինում Բաքուն մշտապես խոսում էր մեկ սկզբունքի` տարածքային ամբողջականության մասին, ապա հիմա խոսվում է տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ինչպես նաեւ ուժի չկիրառման սկզբունքների մասին:

«Ամենակարեւորը` բոլորը շատ լավ գիտակցում են, որ եթե մենք ուզում ենք հասնել առաջընթացի հիմնական սկզբունքների հարցում, ապա` այստեղ առաջին հերթին անելիք ունի պաշտոնական Բաքուն, քանի որ մշտապես պաշտոնական Բաքուն է ապակառուցողական մոտեցում ցուցաբերում: Կարծում եմ, որ Աստրախանում նախագահ Մեդվեդեւը դիվանագիտական բառապաշարով շատ հստակ հասկացրեց պաշոտանական Բաքվին, որ ռազմական ուղին այլընտրանք չէ եւ ռազմական լուծում լինել չի կարող: Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ, քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի հիման վրա ինչի մասին մշտապես խոսում էր նախագահ Սերժ Սարգսյանն ու հայկական կողմը: Համամիտ եմ Մեդվեդեւի այն հայտարարության հետ, որ հանդիպումն օգտակար էր, քանի որ  ցանկացած բանակցությունն ավելի  լավ է, քան չբանակցելը: Այդ առումով կարծում եմ հանդիպումը շատ օգտակար է, թեեւ անելիքները դեռ շատ են: Պետք է տեսնել, թե ինչպես կարձագանքի պաշտոնական Բաքուն»:

Հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում այս գիշեր ադրբեջանական կողմից լինեն կրակոցներ, Շարմազանովն ասաց.  «Հուսով եմ` Բաքուն չի կատարի այն սխալը, որը թույլ տվեց  նախագահների  Սանկտ- Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, երբ այդ գիշեր ադրբեջանցիները դիվերսիա իրականացրեցին: Կարծում եմ Ադրբեջանը շատ լավ դաս է քաղել եւ հասկանում է, որ  դիվերսիա իրականացնելու  դեպքում  շատ հստակ հակահարված կարող են ստանալ Ղարաբաղի զինված ուժերի կողմից: Պաշտոնական Բաքուն նաեւ գիտակցում է, որ դիվերսիոն գործողություններն ու ապակառուցողական մետեցումները  չեն ողջունվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի կողմից»: