Հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում Երեւանի Մայիսի 9-ի փողոցում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ 50-55 տարեկան մի տղամարդու: Կնոջն անհայտ մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդը տեղում մահացել է: Նրա գրպանից հայտնաբերվել է Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից տրված անվճար երթեւեկության վկայական` Արտեմ Անտոնյանի անունով: Քիչ անց հիվանդանոցում մահացել է նաեւ այդ կինը` Վիկտորյա Շահբազյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա պահին վթարի վայրում են գտնվում Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երեւան քաղաքի ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը եւ  Երեւան քաղաքի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Լեւոն Շմավոնյանը, քննիչներն ու փորձագետները, ովքեր դեպքի վայրի նկարահանման եւ տեղազննման աշխատանքեր են իրականացնում:  Դեպքի վայրում է նաեւ դիակ տեղափոխող «1-03» շտապօգնության մեքենան: Հավաքված են մեծ թվով քաղաքացիներ:

Տեղեկություններ չկան վրաերթ կատարողի վերաբերյալ:

Դեպքի վայր եկավ նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Լեւոն Յազիչյանը, ով Շենգավիթի ոստիկանության աշխատակիցներին հանձնարարեց, որպեսզի վթարի վայրին հարակից բակերում փնտրեն վնասված մեքենաներ:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի